Փիփերթը Իջևան համայնքի բնակիչների սիրելի վայրի կանաչիներից է: Ընտրում են այս բույսի ուտելի, դալար ցողունները և առողջ տերևները, մի քանի անգամ լվանում: Ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ լցնում են կտրտած սոխ, կարտոֆիլի խորանարդիկներ, կծու պղպեղ: Երբ կարտոֆիլը դառնում է կիսաեփ, ավելացվում է փիփերթը, և եփը շարունակում" կաթսայի բերանը բաց, որ ճաշը չսևանա: Վերջում, ըստ ճաշակի, ավելացվում է աղ: Անպայման մատուցվում է սխտորմածնով: Ուտողը տաք ճաշի վրա բրդում է չոր հաց: Համադամասերիերը հարկ են համարում այս ճաշն ուտել մատերով:
Փիփերթին վերագրվում են բուժական հատկություններ: Կարգավորում է ստամոքսի, լեղապարկի և աղիների աշխատանքը:
Խաթխաշը ձմեռվա ճաշ է համարվում: Հումքերն են՝ եգիպտացորենը, ցորենը և լոբին: Սրանք նախ մաքրվում և թրջոց են դրվում: Առաջին հերթին եփում են դժվարաեփ եգիպտացորենը, ապա՝ ցորենը: Վերջում ավելացվում նախապես թրջված լոբին, շարունակում եռացնել" մինչև լրիվ եփվելը: Յուրաքանչյուրն իր բաժնին աղ է ավելացնում" ըստ ճաշակի: Ասում են, թե այս ճաշը բերանի համը փոխելու համար է:
Ավելուկը լայն տարածում ունի Իջևանում։ Ավելուկն աճում է դաշտային պայմաններում, այն հավաքում են, հյուսում և չորացնում ձմռան համար։ Ավելուկն իր յուրահատուկ համով առաջատարն է հայկական խոհանոցում։ Ավելուկը լվանալուց, չորացնելուց հետո մանր կտրտել, եփել։ Առանձին թավայի մեջ յուղով տապակել սոխը և ավելացնել նախապես քամած ավելուկը, ավելացնել աղ։ Մատուցել մածունով և սխտորով։ Ավելուկով կարելի է նաև շատ համեղ աղցան պատրաստել։
Սինդրիկ հավաքելու համար անհրաժեշտ է անցնել բավականին դժվար ճանապարհ , բայց իհարկե այս բուժիչ բույսի համար արժե հաստատ անցնել սարերն ի վեր: Այն որպես ուտելիք մաքրող հատկություն ունի, մաքրում է ստամոքսը, արյունը։ Սինդրիկ խորհուրդ է տրվում ուտել ապրիլ-մայիս ամիսներին` դեռևս չծաղկած վիճակով, թեթև խաշված։ Սինդրիկը դիետիկ, բուժիչ, արժեքավոր բանջարեղեն է: Պարունակում է վիտամին C, սպիտակուցներ, ածխաջրեր:
Հունցվում է սովորական խմոր, և դրանից բացվում են լոշիկներ, որոնց երեսին քսվում է կարագ և շաքարավազ, իրար վրա դարսվում մի քանի շերտով: Ապա շերտերով խմորը ոլորելով դարձվում է հաստ երշիկի նման և ծակծկվում սուր առարկանելով (մախաթ, մեծ ասեղ, պատառաքաղ): Այս ծակծկված «երշիկները» հիմա էլ ոլորվում են լվացքը քամելու նման: Ապա դրանցից կտրելով, փոքր գնդեր են արվում, գրտնակում" կլոր ձև տալով, և թխում թուջե սաջի վրա կամ մեծ թավայի մեջ:
Facebook
Location on Google Maps
YouTube